Պաշտամունք

Պաշտամունք


Պաշտամունքը (լատ.՝ cultus – հետևելը, հարգելը) պրակտիկ գործողությունների, տարբեր միջոցների համալիր ամբողջությունն է, որոնց օգնությամբ հավատացյալը հաղորդակցվում կամ փորձում է հաղորդակցվել գերբնական աշխարհի հետ, շփման մեջ մտնել վերջինիս հետ ու փոխազդել նրա վրա:

Պաշտամունքի բովանդակությունը կախված է համապատասխան կրոնական ուղղության գաղափարներով, համակարգային առանձնահատկություններով, դոգմաներով, նպատակներով, սպասվող արդյունքներով: Կրոնական տեքստերի ընթերացնության, աղոթասացության, ավանդույթների շնորհիվ հավատացյալների մեջ առաջ է գալիս կրոնական գիտակցություն, ինչը սերտորեն շաղկապվում է պաշտամունքի հետ:

Պաշտամունքը կարելի է գեղարվեստորեն անվանել «կրոնական միֆի կամ կրոնական տեքստերի թատերականացում», որը կապված է տեքստում կամ տվյալ կրոնական համակարգում առկա իրողությունների նկատմամբ անխախտ հավատքի հետ: Պաշտամունքային պրակտիկայի մեջ են մտնում հավատացյալների գործողությունները, որոնք կապված են կրոնական գործունեության հետ (ծեսեր, ծիսակատարություններ, զոհաբերություներ, խորհուրդներ, խորհրդապաշտություններ, ծոմապահություն, աղոթքներ և այլն): Պաշտամունքի սուբյեկտ կարող են լինել կրոնական խումբը կամ հավատացյալ անհատը:

Կրոնական պաշտամունքին մասնակից դառնալու մոտիվներն են կրոնական հավատը, կրոնական զգացմունքները, կրոնական պահանջները, ձգտումները և այլն: Պաշտամունքի հատկանիշներից պաշտամունքի միջոցներն են, որոնց մեջ են մտնում պաշտամունքի վայրը, կրոնական արվեստը (ճարտարապետության, երաժշտություն, գեղանկարչություն և այլն), տարբեր պաշտամունքային իրեր (խաչ, մոմ և այլն):