Հետ գնալ

Պարականոն գրքեր

Պարականոն գրքերը (հուն.՝ apokryphos – գաղտնի, ծածուկ) 2-4-րդ դարերում գրված ավետարաններ են, թղթեր, հայտնություններ և այլ հոգևոր գրքեր, որոնք չեն ընդգրկվել սուրբ գրական կանոնի մեջ հիմնականում այն պատճառաբանությամբ, որ պատկանում են գնոստիկյան գործիչների գրչին: Պարականոն գրքերը անվանվում են նաև ապոկրիֆ, սակայն ոչ բոլոր պարականոններն են ապոկրիֆ:

Եզրն առաջին անգամ գործածել է Իրենիոս Լուգդոնացին: Քանի որ Նոր Կտակարանը բազմաթիվ բացեր ունի Քրիստոսի մանկության և պատանեկության տարիների, առաքյալների քարոզչական գործունեության, Աստվածածնի կյանքի և այլ դրվագների վերաբերյալ, մի շարք քրիստոնյա մատենագիրներ փորձել են լրացնել այդ բացերը` իրենց գաղափարախոսությունը Սուրբ Գրքի տեսքով ճշմարտացի ներկայացնելու համար։ Դրանք բացակայում են նորկտակարանյան Ավետարաններից և չնայած դրան՝ կարևոր աղբյուր են տվյալ շրջանի պատմությունը հասկանալու համար: Այդպիսի քարոզները ընդունված է անվանել ագրաֆա (չգրված)։

Ավետարան (հուն.՝ euaggelion – բարի լուր) – վաղ քրիստոնեական գրավոր հուշարձաններ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի մասին: Գիտությանը հայտնի են մոտավորապես 30 տարբեր ավետարաններ, որոնցից միայն 4 են ներառվել նոր կտակարանային կանոնում (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես), իսկ մնացած գրքերը եկեղեցու կողմից համարվում են պարականոն գրքեր: Քրիստոնեական աստվածաբանությունը այդ ավետարանների մի մասը համարում է գնոստիկյան գրքեր: Կանոնում ներառված առաջին երեք ավետարանները համարվում են սինոպտիկ ավետարաններ, քանի որ դրանց բովանդակությունը նման է իրար: Հովհանու ավետարանը համարվում է աստվածաբանական ավետարան, որն իր ոճով ու բովանդակությամբ տարբերվում է մյուս երեքից: Կանոնի մեջ մտած ավետարաններից առաջինը համարվում է Մարկոսի ավետարանը, Մատթեոսի ավետարանը ուղղված է հրեաներին, իսկ Ղուկասինը՝ հեթանոսներին: