Մյուռոնօրհնեք

Մյուռոնօրհնեք


Մյուռոնօրհնեքը  մյուռոնի պատրաստման հատուկ արարողություն, որը քրիստոնեական եկեղեցիներում կատարվում է որոշակի պարբերականությամբ և մեծ նշանակություն ունի եկեղեցու ներքին կյանքի շարունակականության ընդգծման առումով: Հայ եկեղեցում Ավագ Խորանի վրա օրհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում և ծածկվում նրբահյուս շղարշով։

Հնում այն ծածկվում էր յոթ շարք շղարշով։ Քառասուն օր շարունակ, երեկոյան ժամերգությունից հետո, հոգևոր պաշտոն է կատարվում՝ շարականներով, աղոթքներով և սուրբգրային ընթերցանությամբ։ Մյուռոնօրհնեքի նախատոնակին՝ գիշերը, հսկում է կատարվում, իսկ հաջորդ օրը լինում է օրհնության հանդիսավոր շնորհաբաշխությունը։ Մյուռոնօրհնությունն առավել հին շրջանում տեղի էր ունենում Ավագ հինգշաբթի։

Վերջին երկու-երեք դարերում ընդունված է օրհնությունը կատարել Ավագ Հինգշաբթի, Հոգեգալստյան տոնին կամ էլ մեկ այլ պատշաճավոր օր։ Հաշվի առնելով Արարատյան դաշտի եղանակային յուրահատկությունները և օրհնության ժամանակ մեծաթիվ ուխտավորների հավաքվելը՝ վերջին հարյուրամյակում Մյուռոնի օրհնությունը սովորաբար կատարվում է աշնանը։