Մոլոկաններ

Մոլոկաններ


Մոլոկանները 18-րդ դ. Ռուս Ուղղափառ Եկեղեցու անջատողական ազդեցիկ հոսանքներից մեկն է: Հերձվածը ձևավորվել է 18-րդ դ. 60-ական թվականներին՝ անջատվելով բավականին ազդեցիկ և կենսունակ մեկ այլ հերետիկոսությունից՝ «հոգևոր քրիստոնյաների» (դուխոբոր) համայնքից: Մոլոկանների հիմնադիրն է համարվում տամբովցի Սիմոն Ուկլեինը: Նրա հոգևոր ուսուցիչը եղել է հոգևոր քրիստոնյաների առաջնորդներից մեկը՝ Պոբիրոխինը: Սիմոն Ուկլեինը քաջածանոթ է եղել Աստվածաշնչին և հենց Աստվածաշնչի մեկնության հարցերում էլ պառակտվել է հոգևոր քրիստոնյաներից:

Ոմանք պնդում են, թե «մոլոկան» անունն առաջացել է  Մոլոչնայա գետի անունից, որոշները համարում են, որ անունը հերձվածը ստացել է պասի ժամանակ կաթ օգտագործելուց, ըստ երրորդ տարբերակի՝  Աստվածաշնչում հիշատակված «հոգևոր կաթի» հետ: 1768թ. Սիմոն Ուկլեինը իր «70 առաքյալներով» սկսեց մոլոկանների գործունեությունը, որը կարճ ժամանակում տարածվեց Սիբիրում, Կենտրոնական և Հարավային Ռուսաստանում և Անդրկովկասում:
Մոլոկանությունը չկարողացավ ստեղծել կայուն և ամբողջական համայնք և արդեն 19-րդ դ. 30-40-ական թվականներին բաժանվեց չորս հիմնական ուղղությունների՝ ուկլեինականներ (հին մոլոկաններ), ակինֆիևականներ (պոպովականներ կամ ընդհանուր մոլոկաններ), պրիգուն-մոլոկաններ և Դոնի մոլոկաններ:

Ըստ մոլոկանների՝ մկրտվել նշանակում է ընդունել Աստծո ուսմունքը (ջրով մկրտվելը նրանք համարում են անհեթեթություն), իսկ հաղորդություն ասելով՝ հասկանում են միայն Սուրբգրական տեքստերի ընթերցանությունը և մերժում նշխարքն ու գինին: Թեև նրանք ընդունում են պահքերը, բայց այլաբանական մեկնաբանություն են տալիս դրանց և պաս պահում միայն Հիսուս Քրիստոսի տառապանքի օրերին (որի ընթացքում գործում է սննդի բացարձակ արգելքը):

Խորհուրդները նույնպես ներկայացվում և արժևորվում են «հոգևոր ճշմարտությունների» դիրքերից: Ընդունում են Սուրբ Հոգու պաշտամունքը և նրա հետ սերտորեն կապում «ճշմարտության գաղափարը»: Այդ դիրքերից էլ ընդհանրապես մերժում են եկեղեցու և հոգևոր դասի դերը և իրենց հավաքները անցկացնում բաց տարածքներում կամ ժողովարաններում: Մերժում են նաև կուսակրոնությունը և վանականությունը՝ համարելով որ դրանք ուղղակի հակադրվում են առաքելական ավանդույթներին: Ի տարբերություն ուղղափառ մյուս հերձվածների՝ մոլոկանները մերժում են նաև երդումը: Հանդես են գալիս բացահայտ պացիֆիզմի դիրքերից և մերժում պատերազմները, սպանությունը, մահապատիժը և զենքի գործածությունը:

Միակ և ճշմարիտ քահանա են համարում Հիսուս Քրիստոսին և ընդհանրապես մերժում են հոգևոր աստիճանակարգությունը: Նրանց պաշտամունքում կարևոր տեղ են զբաղեցնում էստատիկ ծիսական գործողությունները, որի ժամանակ նրանք կարող են հայտնվել տրանսի մեջ ու օծվել սուրբ հոգով: