Մոգություն

Մոգություն


Մոգությունը (հուն.` mageia – մոգություն, հրաշագործություն) վաղնջական կրոնական հավատալիք է: Այն մարդու հավատքն է իր գերբնական ընդունակությունների նկատմամբ, որոնցով նա սիմվոլիկ գործողությունների շնորհիվ կարողանում է ազդել իրականության տարբեր երևույթների վրա ու փոխել դրանց ընթացքը: Մոգության տարատեսակները նկարագրում է անգլիացի գիտնական Բ. Մալինովսկին «Մոգություն, գիտություն և կրոն» աշխատության մեջ, որտեղ նա նշում է, թե մոգությունը կրկնապատկում էր բնության տարբեր կողմերի վրա ազդելու մարդու կարողությունները (մարդկանց պատկերացումներում) տարբեր տեսակի խորհրդապաշտական գործողություններ կատարելու եղանակով:

Մոգական գործողությունները բավականին տարբերվում են իրարից իրենց բարդությամբ, ուղղվածությամբ, իրականացման տեխնիկայով և որ ամենակարևորն է` հետապնդած նպատակով: Այդ պատճառով էլ մոգական գործողությունները բաժանվում են երկու մեծ խմբերի` ագրեսիվ կամ պաշտպանական մոգություն, դրական ու բացասական մոգություն:

Մոգությունը դիմացել է դարերի փորձությանը ու այսօր տարբեր ձևերով պահպանվել է բոլոր մայրցամաքներում: Ժամանակակից բոլոր կրոններում առկա են մոգության տարրեր, քանի որ նույնիսկ համաշխարհային կրոնների մեջ գրավչություն ստեղծողը հենց մոգական գործողություններն ու ներգործություններն են, որոնք արտահայտվում են կրոնների տարաբնույթ գործառույթների մեջ: