Մկրտություն

Մկրտություն


Մկրտությունը քրիստոնեական խորհուրդներից է, որի ծիսականացված արարողությունը հաստատվել է դեռևս Հիսուս Քրիստոսի կողմից: Մկրտությունը համարվում է առաջին ու կարևորագույն խորհուրդը, առանց որի այլ խորհուրդներ չեն տարածվում մարդու վրա: Քրիստոնեական հավատամքի համաձայն միայն մկրտությունից հետո է մարդը դառնում իրական քրիստոնյա, եկեղեցու անդամ:

Մկրտությունը կատարվում է սուրբ Երրորդության անունով և էական տարբերություններ չկան ավանդական եկեղեցիների կողմից կատարվող մկրտության ծեսի մեջ: Դեռևս վաղ եկեղեցում հաստատվել էր, որ մկրտությունը մեկանգամյա է, իսկ կրկնամկրտությունը՝ մեղք, եթե մկրտությունը կատարվել է սուրբ Երրորդության անունից: Մկրտությունը կատարվում է ջրով, որի միջոցով մարդը մաքրվում է մեղքերից ու յուղով (Հայ առաքելական եկեղեցում մյուռոնով), որը խորհրդանշում է սուրբ հոգին, որը մկրտողը քսում է մարմնի տարբեր մասերի՝ ի նշան մաքրագործման: