Հետ գնալ

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է դեգերումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչև օրս:

2000 թ. տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո 2000 թ. հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։

Միաբանություն եզրը գործածվել է որևէ խումբ հոգևորականների կամ վանականների միավորման ու եկեղեցական կառույցի ստեղծման համար: Այսպես կաթոլիկ եկեղեցու համակարգում ստեղծվեցին բենեդիկտյանների, ֆրանցիսկյանների, տամպլիերների և այլ միաբանություններ: Միաբանություն է անվանվել նաև որևէ վանքում ծառայություն մատուցող հոգևոր դասը: Այսպես հայ իրականության ամենահայտնի միաբանությունը 1701թ. հիմնադրված Մխիթարյան միաբանությունն...