Միսիոներություն

Միսիոներություն


Միսիոներությունը (լատ.՝ missio - առաքում, հանձնարարություն) եկեղեցական ու կրոնական կառույցների գործունեության տեսակը, երբ տվյալ ուղղության ներակայացուցիչը փորձում է իր հավատքը տարածել այլոց մեջ քարոզչության, սեփական վարքի կամ այլ ճանապարհներով՝ համոզելով, որ փրկության ուղին հենց այդ կրոնական ուղղությանը հետևելն է:

Միսիոներության պարզագույն դրսևորումները երևան են եկել դեռևս Ք.Ա. 3-րդ դարում բուդդայական և 4-րդ դարում քրիստոնեական կրոններում։ Միջնադարում միսիոներությունը կաթոլիկական ու բողոքական դրսևորումներով տարածվում է Կիլիկյան և Մայր Հայաստանում։

Կիլիկիահայ բարձրաստիճան եկեղեցականների, խոշոր ֆեոդալների, մեծատուն վաճառականների մի մասը, ընդառաջելով կաթոլիկ եկեղեցուն, Արևելք ուղարկած միսիոներների քարոզչությանը, հույս ունեին դավանական զիջումներով մերձեցնել հայ և կաթոլիկ եկեղեցիները։ Սովորաբար միսիոներները բացասական ընդունելություն են գտնում տեղական եկեղեցիների կողմից, որոնք միսիոներների գործունեությունը դիտում են որպես սեփական հոգևոր տարածքի զավթում: Որոշ կրոնական ուղղություններ մեծ տեղ են հատկացնում միսիոներությանը, իսկ առավել ազգային եկեղեցական կառույցները նման խնդիր իրենց առջև չեն դնում: