Հետ գնալ

Մանիքեյություն

Մանիքեյությունը 3-րդ դարում Պարսկաստանում առաջացած կրոնական ուղղություն է, որի հիմնադիրն է համարվում Մանին (216-276թթ.): Մանիքեյությունը զրադաշտական կրոնի ու քրիստոնեության յուրօրինակ սինթեզ էր: Զրադաշտականության նման մանիքեյականությունը ուներ դուալիստական բնույթ, այսինքն ընդունում էր կեցության երկու հիմնական սկզբների՝ բարու ու չարի, լույսի ու խավարի հակասությունը, ինչպես նաև քրիստոնեական մեսիանականությունը, քանի որ Մանին իրեն համարում էր երկնային լույսի պատգամաբեր:

Բարի ու չար թագավորությունների պայքարը վերջիվերջո կավարտվի բարու հաղթանակով, որից հետո մատերիան կկործանվի, իսկ ոգին կդառնա ազատ: Համաձայն Մանիի ուսմունքի աշխարհը չարի մարմնավորումն է, իսկ մարդը կարող է օգնել լույսին խավարի դեմ պայքարում: Մանիքեյականությունն իր ազդեցությունն ունեցավ հետագայում պավլիկյանների, բոգոմիլների, կատարների վարդապետության ձևավորման վրա: Այն բավականին մեծ տարածում գտավ նաև Հայաստանում, այդ պատճառով Եզնիկ Կողբացին հատուկ քննադատության ենթարկեց Մանիին իր «Եղծ աղանդոց» գրքում: