Լյութերականություն

Լյութերականություն


Լյութերականություն – բողոքական քրիստոնեության գլխավոր ուղղություններից մեկը, որն առաջացել է 16-րդ դարում Գերմանիայում՝ ռեֆորմացիայի ժամանակաշրջանում: Այն իր անվանումը ստացել է վանական Մարտին Լյութերից (1483-1546թթ.), ով 1517թ. հոկտեմբերի 31-ին իր 95 թեզիսները ամրացրեց Վիտենբերգ եկեղեցու դռանը, որոնք ուղղված էին կաթոլիկ եկեղեցու արատավոր պրակտիկաների դեմ ու առաջ էր քաշում էական բարեփոխումներ կաթոլիկ եկեղեցու կրոնադավանաբանական, ծիսապաշտամունքային համակարգում:

Լյութերը առաջ քաշեց բողոքականության անկյունքարը դարձած միայն հավատքով արդարանալու սկզբունքը՝ ի տարբերության կաթոլիկյան հավատք գումարած բարի գործեր բանաձևի: Լյութերական դավանանքի հիմքում ընկած են Աստվածաշունչը, Աուգսբուրգյան դավանությունը, Լյութերի գործակից Ֆ. Մելանխտոնի (1497 1560թթ.) կողմից գրված Ջատագովությունը, Մեծ ու Փոքր կատեխեզիսները և մի շարք այլ աստվածաբանական երկեր:

Նրանք որպես հավատքի միակ աղբյուր են ընդունում Սուրբ գիրքը՝ մերժելով սրբազան ավանդությունը: Մերժում են վանականությունն ու կուսակրոնությունը, քանի որ, ըստ նրանց, ոչ թե աշխարհից փախչելով, այլ աշխարհում կատարած իր գործունեությամբ մարդը պետք է որոնի փրկության և Աստծուն ծառայելու ուղիները:

Լյութերը մերժեց «ճոխ» նվիրապետական համակարգը, պարզեցրեց պաշտամունքը և ծիսակարգը, քրիստոնեական խորհուրդներից թողեց միայն մկրտությունն ու հաղորդությունը: Լյութերական եկեղեցին թույլատրեց ամուսնալուծությունը և երկրորդ ամուսնությունը, քանի որ ամուսնությունը խորհուրդ չէր համարվում: Նա գերմաներեն թարգմանեց Աստվածաշունչը և այն հասու դարձրեց լայն զանգվածներին: Նրա թարգմանությունը փոքր շտկումներով շարունակում են օգտագործել մինչև օրս: Լյութերական եկեղեցին ամենամեծաքանակն է բողոքական եկեղեցիների շարքում: Լյութերականների մեծամասն ությունը ապրում են Գերմանիայում և Սկանդինավյան երկրներում: