Հետ գնալ

Կրիշնա գիտակցություն

Կրիշնա գիտակցություն – վայշնավական կրոնական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1966թ. Նյու-Յորքում բենգալական վանական Բհակտիվեդանտա Սվամի Պրապուպադայի կողմից,  հայտնի է նաև Հարե Քրիշնա անունով:

Քրիշնա գիտակցության հետևորդները վարում են խստակյաց կյանք, չեն ուտում մսամթերք, չեն խմում ալկոհոլ, իրենք են պատրաստում հիմնականում իրենց սնունդը և այլն: Խստակեցությունը դրսևորվում է նաև սեռական հարաբերություններում: Հիմնական պաշտամունքային արարողությունը Հարե Քրիշնա մանթրա-աղոթքի արտասանությունն է օրական նվազագույնը 1728 անգամ, որի հաշվարկը կատարվում է փոքր մասնիկներից կազմված ջապպա-թզբեհի միջոցով:

Իբրև սուրբ գրքեր օգտագործում են Բհագավատգիտան և Բհագավատպուրանան: Համաձայն կրիշնայական դոգմայի՝ Կրիշնան իր բազում վերամարմնավորումներում մարմնավորվել է և որպես բուդդիստների, և որպես քրիստոնյաների, և որպես իսլամի աստված: Համաձայն կրիշնայական ուսմունքի՝ Հիսուս Քրիստոսը Կրիշնայի լոկ ոչ լիարժեք մարմնավորումն է: Ամեն ինչ ստեղծած Կրիշնան ներկա է ամեն բանում, այդ թվում նաև՝ կուռքերում, որոնց պետք է վերաբերվել ինչպես Կրիշնային: Կյանքի իմաստը Կրիշնայի գիտակցության ձեռքբերումն է: 1971թ. շարժման առաջնորդը այցելեց Սովետական միություն, որից հետո սկսվեց շարժման տարածումը: 1970-ականներին այն տարածվեց նաև Հայաստանում, սակայն ներկայումս շարժումը խիստ սակավաթիվ է: