Խորհուրդներ

Խորհուրդներ


Խորհուրդներ (լատ.՝ sacramentum) – քրիստոնեական եկեղեցում իրականցվող պաշտամունքային արարողություններ, որոնք հոգևորականների միջոցով հավատացյալներին են հաղորդում Աստծո անտեսանելի շնորհը: Եկեղեցու վարդապետության համաձայն՝  խորհուրդների միջոցով հավատացյալի մեջ տեղի է ունենում անտեսանելի փոփոխություն՝ վերափոխում, որը հնարավոր չէ բացատրել ռացիոնալ եղանակով:

Ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիները, այդ թվում նաև՝ Հայ Առաքելական եկեղեցին ընդունում են 7 խորհուրդներ՝ մկրտություն, դրոշմ (օծում), հաղորդություն, ապաշխարություն, ձեռնադրություն, պսակ (ամուսնություն), կարգ հիվանդաց:

Բողոքական եկեղեցիների մեծ մասը ընդունում են միայն մկրտությունն ու հաղորդությունը, իսկ որոշները՝ նաև ձեռնադրության խորհուրդը:  Խորհուրդներից միայն մկրտությունն ու հաղորդությունն են հաստատված անմիջականորեն Հիսուս Քրիստոսի կողմից, մնացածը զարգացել, ձևավորվել և իրենց վերջնական տեսքն են ստացել ամենաուշը 12-րդ դարում: