Խորան

Խորան


Խորան – խորան է անվանվում քրիստոնեական եկեղեցու այն մասը, որտեղ տեղադրվում է պատարագի Ավագ սեղանը (այստեղից էլ՝ Ավագ խորան)։ Որպես կանոն՝ ընդգրկում է կառույցի արևելյան աբսիդը՝  կիսաշրջանաձև ելուստը։ Խորանի՝  կիսաշրջան հատակագծով, գմբեթարդով ծածկված ավանդական ձևը գալիս է վաղ քրիստոնեական եկեղեցու շենքի՝ բազիլիկի նմանաձև տարրից։ Հայոց վաղ քրիստոնեական եկեղեցիներում (որոնք հիմնականում ձևափոխված մեհենական շենքեր են եղել) խորանը, մինչև պարտադիր աբսիդաձև դառնալը, եղել է ուղղանկյուն հատակագծով։

Խորան են կոչվում նաև Ավագ Խորանից աջ ու ձախ կամ տաճարի արևմտյան անկյուններին (նաև գավթի արևելյան անկյուններին) տեղադրված այն սենյակները (հաճախ երկհարկ), որոնք ունեն խորանաձև (աբսիդաձև) խորշ և լրացուցիչ սեղան՝ պատարագի կամ եկեղեցական այլ արարողությունների համար։ Հյուսիսային պատի տակ գտնվում է սեղանը, որտեղ հաղորդության համար հացն ու գինին են օրհնվում:

Աստվածաշունչը խորան է անվանում այն վրանը, որն անապատում շինեց Մովսեսը՝ որպես հրեական պաշտամունքի ժամանակավոր տաճար։