Խաչ

Խաչ


Խաչ – քրիստոնեական կարևոր սիմվոլ, որը  խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչվելը և նրանով մարդկությանը նախամեղքից փրկելը: Վաղ հավատալիքներում և մի շարք այլ կրոններում խաչը հանդիսանում էր արևի խորհրդանիշը: Բուդդայականները խաչը պատկերում էին իրենց հմայիլների մեջ։ Խաչը որպես սուրբ խորհրդանիշ ընդունում են ուղղափառները, կաթոլիկները, լյութերականները։  Որոշ ուղղություններ (բապտիստներ, ադվենտիստներ) մերժում են այս խորհրդանիշը՝  համարելով այն Քրիստոսի տանջանքի գործիք:

Հայկական խաչը (Ծաղկած խաչ) քրիստոնեական խաչի յուրահատուկ տեսակ է։ Այն տեղադրվում է հայկական եկեղեցիների գմբեթներին, փորագրվում խաչքարերին ու վանական համալիրների պատերին, պատկերվում խորանի վարագույրներին, հոգևորականների  զգեստներին և այլն։ Խաչին ձոնվել են տաղեր, շարականներ, ներբողներ, որոնցից նշանավոր են Սահակ Գ Ձորոփորեցու՝  Խաչին նվիրված շարականները: Հայ եկեղեցին ունի խաչին նվիրված տոներ, որոնցից Խաչվերացը հինգ տաղավար տոներից է: Հայոց մեջ տարածված են նաև Ս. Խաչ  անունով սրբատեղիներ, ուխտատեղիներ, մատուռներ, վանքեր ու եկեղեցիներ:

Տարբեր եկեղեցիներում խաչերն ունեն այդ եկեղեցիներին հատուկ ավանդական ձևեր և անվանվում են հունական խաչ, լատինական խաչ, հայկական խաչ: Հունական խաչի չորս թևերը հավասար են, իսկ լատինական խաչի երեք թևերն են հավասար, ներքևի թևը մյուսներից կրկնակի երկար է: Հայկական խաչի չորս թևերը հավասար են, բայց թևերի կազմած չորս անկյուններից ելնում են ճառագայթներ՝ կազմելով ճառագայթներով խաչ: