Ջայնիզմ

Ջայնիզմ


Հնդկաստանի ազգային կրոնների շարքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում ջայնիզմը (ջայնականությունը): Ժամանակակից Հնդկաստանում ջայնականները կազմում են երկրի բնակչության մոտ 0,5-1 տոկոսը (մինչև 10 մլն.) և հիմնականում տարածված են Հնդկաստանի հարավային և արևմտյան շրջաններում՝ Մահարաշտա, Մադհյա-Պրադեշ, Ռաջաստան, Գուջարատ, Կարնատակա և այլ նահանգներում:

Առաջացել է Ք.ա. 6-րդ դարում բուդդայականության հետ միաժամանակ և որպես հակադրություն բրահմայականությանը: Ջայնիզմում պաշտում են 24 մարգարեների, որոնցից վերջինը՝ Ջինան (սանսկր.՝ հաղթող) Մահավիրա Վարդհամանն էր, ում անունով էլ կոչվել է կրոնական շարժումը:

Ջինան քարոզում էր հինգ ճշմարտություններ՝ մի՛ սպանիր, մի՛ ստիր, մի՛ գողացիր, մի՛ կապվիր աշխարհիկ երևույթների հետ, եղի՛ր առաքինի: Ջայնիզմի վարդապետությունը պահպանել է բրահամայականությանը բնորոշ շատ գծեր՝ հոգիների վերամարմնավորումը, կարմայի գաղափարը և այլն:

Այն հանդես եկավ բրահմանական-վեդայական աշխարհայացքի, ծիսապաշտամունքային ծայրահեղությունների ու վերացական դոգմատիկայի դեմ, մերժեց վեդաների հեղինակությունը, արարիչ Աստծու գոյությունը, անհատական ազատագրման համար զոհաբերությունների անհրաժեշտությունը և իր ուսմունքի առանցքում դրեց անհատի կեցության հիմնախնդիրը: