Իսմաիլականներ

Իսմաիլականներ


Իսմաիլականներ – Իսմաիլականությունը շիայական ուղղություն է, որն առաջացել է 6-րդ իմամ Ջաֆար աս-Սադիկի մահից հետո: Ի տարբերություն տասներկուական կամ իմամական շիաների, ովքեր հաջորդ իմամ ճանաչեցին Ջաֆարի կրտսեր որդի Մուսա ալ-Կասիմին, իսմաիլականները գտնում էին, որ հաջորդ իմամ պետք է դառնա Ջաֆարի ավագ որդի Իսմաիլը, որը սակայն համաձայն աղբյուրների ճնշող մեծամասնության մահացել էր դեռևս հոր կենդանության օրոք:

Շիայականության պառակտման այդ փուլում ձևավորվեց նախաիսմաիլական մի քանի համայնք որոնց մի մասը՝ աս-սաբաիյա (յոթնականներ) գտնում էր, որ Իսմաիլը չի մահացել այլ թաքնվել է և պետք է վերադառնա որպես ալ-Մահդի: Մյուս խումբը ընդունելով Իսմաիլի մահը պնդում էր, որ իմամության իրավունքը պետք է ժառանգի ոչ թե Մուսան, այլ Իսմաիլի որդի Մուհամմադ ալ-Մուբարաքը (ալ մուբարաքիյա):

Իսմաիլականների գաղափարախոսության ձևավորման վրա մեծապես ազդել են վաղ շրջանում գնոստիկները, իսկ ավելի ուշ՝ Ֆաթիմյան խալիֆայության ժամանակահատվածում, նեոպլատոնականները: Այս ազդեցությունների, ինչպես նաև «բատինիականության»՝ սրբազան տեքստերի այլաբանական մեկնության մեթոդի շնորհիվ, իսմաիլիականները կարողացան ձևավորել տիեզերաբանական մի բացառիկ համակարգ, որն իր հերթին հնարավորություն տվեց նրանց ձևավորել աշխարհի համապարփակ և բացառիկ նկարագրություն:

Ստեղծված գաղափարախոսությունը հզոր քարոզչական զենք հանդիսացավ իսմաիլական «կոչի» ադ-դաուա՝ քարոզչական բարդ և արդյունավետ համակարգ ստեղծելու համար: Իսմաիլական քարոզչական մեքենան իր գագաթնակետին հասավ Ֆաթիմյան խալիֆայության ժամանակահատվածում, իսմաիլական պետականության «ադ-դաուլա» և քարոզչության «ադ դաուա» համադրման շնորհիվ:

Իսմաիլական գաղափարախոսությունը օժտված է ադապտացման բացառիկ մեխանիզմներով, ինչը հնարավորություն էր տալիս արագ արձագանքել փոփոխվող կրոնական և քաղաքական միջավայրին: Նշված բացառիկ ադապտատիվության շնորհիվ է, որ ուղղությունը պահպանվել է մինչև այսօր՝ Աղախանի անվանման տակ:

20-րդ դարի սկզբին իսմաիլականները հայտարարեցին արմատական բարեփոխումների մասին և հայտարարեցին,  որ բացում են իրենց աղբյուրները բոլորի համար: Այս բարեփոխումների արդյունքում աղախանիական համայնքն այսօր նույնպես համահունչ է ժամանակի պահանջներին: Աղախանիական հիմնական կենտրոնները Բոմբեյում, Լոնդոնում և Նայրոբիում ակտիվ կրթական, հետազոտական և բարեգործական գործունեություն են ծավալում: Աղախաները նաև բացառիկ ակտիվություն են դրսևորում համացանցում, մի շարք պաշտոնական կայքերի միջոցով: