Իդեալիզմ

Իդեալիզմ


Իդեալիզմ (հուն.՝ idea – գաղափար, հասկացություն) - փիլիսոփայական ուղղություն, որը կեցության հիմնահարցի մեջ առաջինն ընդունում է գիտակցության դերը, իսկ մատերիան համարում է երկրորդային, ածանցյալ: Իդեալիստական են բոլոր կրոնական գաղափարախոսությունները, որոնք աշխարհի ստեղծումը կապում են աստծո, գերբնական ուժի, այն է՝ իդեայի հետ:

Փիլիսոփայության մեջ տարբերում են իդեալիզմի երկու տեսակներ՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ: Սուբյեկտիվը առաջնային է համարում սուբյեկտի զգայությունը, մտապատկերը, մտածողությունը, իսկ օբյեկտիվ իդեալիզմը ելակետ է ընդունում գիտակցությունը, ոգին, որը գոյություն ունի մարդուց դուրս և նրանից անկախ ստեծում է աշխարհն ու բնությունը:

Անտիկ շրջանի ամենահայտնի օբյեկտիվ իդեալիստը Պլատոնն էր (ք.ա. 428/7 – 348/7), որի գաղափարները մեծապես օգտագործվեցին եկեղեցական վարդապետությունների մշակման ժամանակ: Սուբյեկտիվ իդեալիզմի հայտնի ներկայացուցիչներ էին փիլիսոփաներ Ջ. Բերկլին (1658-1753թթ.), Դ. Հյումը (1711-1776թթ.), Ի Կանտը (1724-1804թթ.) և այլոք: Օբյեկտիվ իդեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչն էր Հեգելը (1770-1831թթ.):