Հիսուս Քրիստոս

Հիսուս Քրիստոս


Հիսուս Քրիստոսը քրիստոնեկան կրոնի հիմնադիրն է։ Քրիստոսն ապրել է 1-ին դարում եւ հրեաների ու հռոմեացիների համատեղ որոշմամբ 33 տարեկանում խաչվել՝ իր գաղափարների ու հայացքների պատճառով։ Վաղ քրիստոնյաները նրան անվանել են նաև Հիսուս Նազովրեցի։ Քրիստոնյաները հավատում են, որ նա Ս. Երրորդության անձերից մեկն է եւ աստծո որդին:

Նոր կտակարանն է Հիսուս Քրիստոսի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը, որտեղ բացակայում է Հիսուսի կյանքի մի զգալի հատվածի՝ 12-ից մինչև 30 տարեկան հասակի իրադարձությունները նկարագրող տեղեկություններ։  Այս փաստը տարակարծիք մեկնությունների տեղիք է տվել:

Չորս ավետարանները պատմում են Հիսուս Քրիստոսի ծննդյան, կյանքի, առաքյալների ընտրության, քարոզչության, սուրբ վարքի, հրաշքների, բժշկումների, պայծառակերպության, մեռելներ հարուցանելու մասին, ներկայացնում են Հիսուսի առակները, պատվիրանները, նկարագրում չարչարանքները, խոսում Վերջին ընթրիքի, այսինքն՝ հաղորդության խորհրդի հաստատման, մահվան մատնվելու, խաչվելու, թաղվելու, հարություն առնելու, համբարձվելու, երկրորդ անգամ զորությամբ երկիր վերադառնալու և այլնի մասին։

Քրիստոնյաները հավատում են, որ Հիսուս Քրիստոսի գալուստով կատարվեցին մարգարեությունները, մինչդեռ հրեաները այդպես էլ չհավատեցին նրա՝ մեսիա լինելուն: Կենդանության օրոք նա ընտրեց 12 առաքյալների ու 70 աշակերտների, որոնք էլ նրա խաչելությունից հետո տարածեցին Քրիստոսի ուսմունքը: