Հայ առաքելական եկեղեցի

Հայ առաքելական եկեղեցի


Հայ առաքելական եկեղեցի - պաշտոնական անունը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, որի կենտրոնը Էջմիածին քաղաքում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վանքն է: Եկեղեցին գլխավորում է Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով ցմահ ընտրվում է ազգային-եկեղեցական ժողովում:

Հայ առաքելական եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն, որոնք հիմնականում անկախ են իրենց ներքին կյանքի կարգավորման հարցերում:

Հայ առաքելական եկեղեցին ազգային կառույց է, որի բջիջները գտնվում են սփյուռքում ու Հայաստանում՝ թեմերի ու թեմական առաջնորդների տեսքով: Հայ առաքելական եկեղեցու սկզբնավորումը կապվում է Քրիստոսի Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների անվան հետ, որոնց սկած գործը հետագայում շարունակեց Գրիգոր Լուսավորիչը` առաջին հայոց հայրապետը:

Հայ առաքելական եկեղեցին ընդունում է միայն առաջին երեք տիեզերաժողովների որոշումները և Քաղկեդոնի ժողովից սկսած մերժում որևէ դավանաբանական որոշում: Այն պատկանում է Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքին և Քրիստոսի մեջ ընդունում մարդկային ու աստվածային բնությունների միասնական գործելու ալեքսանդրյան դոգման: Հետագայում Հայ առաքելական եկեղեցին մերժողական դիրքորոշում որդեգրեց միակամության, պատկերապաշտության և այլ դոգմաների նկատմամբ:

Դարերի ընթացքում Հայ առաքելական եկեղեցին մեծ դերակատարում է ունեցել հայ ժողովրդի կյանքում և պատմության շատ էջեր դեռևս վերջնականապես ուսումնասիրված ու արժևորված չեն: