Հավատք

Հավատք


Հավատք - հավատքը որևէ դրույթի, առարկայի, օբյեկտի, երևույթի ճշմարտացիության ընդունումն է՝ առանց տեսական և գործանական ապացույցների կամ ոչ բավարար տեսական ու գործնական ապացույցների: Հավատքը, ըստ էության, մարդկային գիտակցության հատկություն է՝ մարդկության անցյալի փորձը յուրացնելու և գործնական կյանքում կողմնորոշվելու համար, որովհետև այդ գործունեությունն իրականացնելու համար միշտ էլ ոչ միայն պակասում են գիտելիքները, այլև անհրաժեշտ է լինում այդ գիտելիքների ու հաջողության հասնելու նկատմամբ հավատք ունենալ, սակայն հավատքը միշտ չէ, որ կայուն, մնայուն է, այն կախված է հավատքի առարկայից: Եթե հավատքի առարկան շոշափում է մարդու շահերը և եթե նրանում մարդը շահագրգռված է, հավատքը կարող է դառնալ կայուն և մնայուն: Այդ պատճառով էլ ճշմարտացի է հնչում այն դրույթը, որ հավատալ կարելի է միայն այն բանին, ինչը մոտ է ոչ միայն մարդու մտքին, այլև սրտին: Հավատքը կապված է հատկապես մարդու զգացմունքների հետ: Է. Կանտը հավատքը սահմանում է իբրև ցանկալիի իրականացման հույս:

Ըստ Դ. Հյումի հավատքն ազդում է որևէ օբյեկտի գոյության մեր պատկերացումների վրա միայն պատկերացման եղանակից` նրան տալով մեծ ուժ և կենդանություն: Պատկերացման ուժը կենդանի հավատքի տեսանկյունից այդ պատկերացումները հավասարեցնում է առարկաներից, երևույթներից ստացած մեր պատկերացումների ուժին: Այս տեսանկյունից հավատքը որևէ դրույթի, ճշմարտության այնպիսի վճռականությամբ ընդունումն է, որի ուժը գերազանցում է առկա փաստերին և ձևական տրամաբանության ուժին: