Գնոստիկություն

Գնոստիկություն


Գնոստիկությունը (հուն.՝ gnosis – իմացություն, գիտելիք) 1-3-րդ դարերում ի հայտ եկած կրոնափիլիսոփայական ուսմունք է, որը փորձ կատարեց քրիստոնեության նոր ձևավորվող՛ ուսմունքը և դոգմատիկան լրացնել բարդ փիլիսոփայական տարրերով ու դա համերաշխեցնել բազմաստվածային համակարգերի հետ: Գնոստիկության ձևավորումը պայմանավորված էր Հռոմեական
աշխարհում տեղ գտած խորը սինկրետիզմի երևույթներով: Գնոստիկները փորձում էին բարձրագույն գիտելիքի հասնել կրոնատածության հիման վրա: Նրանք մարդկանց բաժանեցին երեք մեծ խմբերի՝ ըստ գիտելիք ունենալու աստիճանի:

Համաձայն այդ բաժանման առաջինը գնոստիկներն էին, երկրորդը՝ հրեաներն ու քրիստոնյաները, երրորդը՝ հեթանոսները: Նրանց համակարգում հստակորեն տարանջատվում էին աստվածային բարու ու չարի սկզբները: Չարի սկիզբն է արարիչ-դեմիուրգը, իսկ բարին կապվում է գերագույն աստծո հետ: Բարու սկզիբը դուրս է տիեզերական հարաբերությունների համակարգից եւ առնչություն չունի աստվածային չար սկզբի հետ:

Համաշխարհային պատմության կարևորագույն նպատակը չարից ազատագրվելն է, որտեղ վճռական անելիք ունի աստվածային էոններից (հուն.՝ aion - հավիտենական էություն) մեկը՝ Հիսուս Քրիստոս: Մարդը կարող է փրկության հասնել միայն գնոսիսի միջոցով նյութական կապանքներից ազատագրման ճանապարհով: Հայտնի գնոստիկյան համակարգերից էին Վալենտիանոսի, Բասիլիդեսի, Կարպոկրատի ու Սատուրնինի համակարգերը, իսկ գնոստիկ Մարկիոնը միակն էր, ում հաջողվեց ստեղծել սեփական եկեղեցին, որը գոյատևեց բավականին երկար ժամանակ: Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» գրքում մեծ տեղ է հատկացրել հենց Մարկիոնի եկեղեցուն: