Ղուրան

Ղուրան


Ղուրան (արաբ.՝ կուրան - ընթերցում) – իսլամական կրոնի սուրբ գիրքը, որը, համաձայն իսլամի՝ ներշնչված է Ալլահի կողմից և հանձնվել է Մուհամեդ մարգարեին Ջիբրիլ հրեշտակի միջոցով 610-632թթ. ընկած ժամանակահատվածում: Մուսուլմանների
պատկերացումներով՝ Ղուրանի բնագիրը պահպանվում է Ալլահի գահի վերևում:

Ղուրանի տարբեր հատվածներ գրի են առնվել տարբեր մարդկանց կողմից միայն Մուհամեդի մահվանից հետո, քանի որ բանավոր ավանդությունը  կորցնելու վտանգ առաջացավ:Ավանդության համաձայն՝ Օմարը, վախենալով սուրբ տեքստի լիակատար ոչնչացումից, 633 թ. համոզել է խալիֆ Աբու Բաքրին  հավաքել մինչ այդ գրի առնված և ասհաբների (զինակիցների) հիշողությունում պահպանված բոլոր հայտնությունները։Ղուրանի վերջնական կանոնիկ խմբագրումն ավարտվել է խալիֆ Օսմանի օրոք 650թ., և հենց նրա հրամանով ոչնչացվել են մնացած բոլոր գրառումները։ Այնուամենայնիվ, Ղուրանի տեքստի վերջնական և ամփոփ օրինականացումը տեղի է ունեցել Մուհամեդի մահվանից երեք դար անց՝ Իբն Մուջահիդի ռեֆորմի արդյունքում։

Ղուրանը կազմված է 114 սուրահներից (աստիճան, կարգ, դիրք), որոնք իրենց հերթին բաժանվում են իմաստային հատվածների՝ այաթների (նախանշան, հրաշք)։ Ընդամենը Ղուրանն ունի 6204–ից 6236 այաթ (ըստ տարբեր հաշվարկների)։  Ի տարբերություն Աստվածաշնչի, Ղուրանը, բացի հոգևոր պատվիրաններից, պարունակում է նաև գործնական կյանքում կողմնորոշվելու որոշակի կանոններ, որոնք շատ դեպքերում թելադրված են հենց Մուհամեդի երկրային վարքով: