Ավտոկեֆալ

Ավտոկեֆալ


Ավտոկեֆալ (հուն.՝ autos – ինքը, kephale - գլուխ) – ուղղափառ եկեղեցիների համակարգում մի տեղական եկեղեցու անկախությունը մյուսից: Ուղղափառ եկեղեցիների ընտանիքում Կոստանդուպոլսի ուղղափառ պատրիարքությունը համարվում է մայր (կիրիարխալ) եկեղեցի: Ներկայումս գոյություն ունեն 15 ինքնանկախ (ավտոկեֆալ) ուղղափառ եկեղեցիներ: Ուղղափառ
եկեղեցու էությունը նրա կոնֆեսոնալ ամբողջականության,ինչպես նաև ինքնանկախ եկեղեցիների նույնական դավանաբանության ու պաշտամունքի մեջ է: Ինքնանկախ եկեղեցիները իրավունք ունեն հրավիրելու իրենց տեղական ժողովները  և  դրանց աշխատանքներին մասնակից դարձնել նաև քույր եկեղեցիների ներկայացուցիչներին: Դոգմաները  կարող են քննարկվել միայն տիեզերական ժողովում, որը իրավասու է հրավիրելու յուրաքանչյուր ինքնանկախ եկեղեցի: Ինքնանկախ եկեղեցի հռչակելու իրավունք ունի միայն եկեղեցական կազմակերպությունը, որը օժտված է բարձրագույն իշխանությամբ: Այդպիսի բարձրագույն իշխանություն համարվում է եպիսկոսպոսական դասը կամ նրա որոշումները: Եկեղեցուն ինքնանկախություն շնորհելու իրավասություն ունի նաև տիեզերական ժողովը: