Անգլիկան եկեղեցի

Անգլիկան եկեղեցի


Անգլիկան եկեղեցի - բողոքական հիմնական ուղղություններից մեկը, որը Անգլիայի պետական եկեղեցին է: 1534թ. պառլամենտը «Գերագույնության ակտով» Հենրիխ 8-րդ թագավորին հայտարարեց անգլիկան եկեղեցու առաջնորդ, և մինչև օրս հենց միապետն է եկեղեցու գլուխը: Կաթոլիկ եկեղեցուց անջատվելու որոշումը կայացնելուց հետո սրվեցին հարաբերությունները Վատիկանի հետ, բռնագրավվեցին կաթոլիկ եկեղեցու հողատարածքները, այրվեցին սրբապատկերներ ու ոչնչացվեցին բազմաթիվ մասունքներ: Անգլիկան եկեղեցին վերացրեց բարձրաստիճան հոգևորականների ամուսնության արգելքը, իսկ հետագայում կանայք ևս իրավունք ստացան բարձրագույն նվիրապետության շարքերն անցնելու:

1571թ. հաստատվել է Անգլիկան եկեղեցու 39 հոդվածներից բաղկացած Հավատո հանգանակը: Անգլիկան եկեղեցին յուրահատուկ միջանկյալ տեղ է զբաղեցնում կաթոլիկության և բողոքականության միջև: Այն ընդունում է բողոքականների անձնական հավատով փրկության սկզբունքը և եկեղեցու փրկիչ ուժի մասին կաթոլիկյան մոտեցումը:

Անգլիկան եկեղեցին պահպանեց եկեղեցական հիերարխիան և շքեղ պաշտամունքը: Անգլիայում գործում է երկու եկեղեցական կենտրոն՝ Քենթրբերիի ու Յորքի: Քենթրբերիի արքեպիսկոպոսը եկեղեցու պրիմաս-առաջնորդն է: