Անապատականներ

Անապատականներ


Անապատականներ (տես վանականություն)– կրոնական մղումով ու հավատքով աշխարհիկ կյանքից հրաժարված և ասկետիկ կյանքով ապրող անձինք, որոնք հիմնականում ապրում են մարդկանցից հեռու վայրերում, քարանձավներում և այլն:

Անապատական կյանքով ապրելը բնորոշ է հինարևելյան կրոններին՝ բրահմայականությանը, բուդդայականությանը: Բուդդայականության հիմնադիր համարվող Սինդհարտա Գաուտաման ասկետիկ կյանքով ապրելուց հետո հասավ կատարելության ու դարձավ Բուդդա-լուսավորյալ:

Քրիստոնեական եկեղեցում ճգնավորության, անապատականության ու ասկետիզմի հայր է համարվում Անտոն անապատականը կամ ճգնավորը, ով կատարելության հասնելու ձգտումով 20 տարի շարունակ ճգնելով անապատում՝ հիմք է դնում ճգնավորական կյանքին ու կենցաղին: Քրիստոնեության մեջ աշխարհիկ կյանքից հրաժարվելը, մարմնական ցանկությունների զսպումը մշտապես բարձրագույն կատարելության հասնելու ճանապարհ է համարվել, և այդ ճանապարհը բռնած անձանցից շատերը հետագայում սրբադասվել են եկեղեցու կողմից: Քրիստոնեական եկեղեցում վանականներն ապրել են առանձնացված վանքերում, վանական համալիրներում ու հանդիսացել են մաքուր հավատքի պաշտպաններ, հրաժարվել են աշխարհիկ հաճույքներից ու վայելքներից, զարգացրել են գիտությունը, մատենագրությունը ու պահպանել իրենց հայրերի ուսմունքը: