Կրոնագիտական Բառարան

 Այս առցանց բառարանը ներկայացնում է կրոնագիտական մի շարք բառերի և եզրույթների բացատրությունն ու ծագումնաբանությունը:

Այն կազմել է կրոնագետ Հովհաննես Հովհաննիսյանը։

 Բառարանը համալրելու առաջարկների դեպքում, գրեք կայքի հետադարձ կապով:

Ադվենտիստներ

Ադվենտիստները (լատ.՝ adventus - գալուստ) բողոքական հոսանք է, որն առաջացել է 19-րդ դարի 30-ական թթ. ԱՄՆ-ում:
Կրոնական այս ուղղության հիմնադիրը Վիլյամ Միլլերն է (1782-1849թթ.): Հետագայում այս հոսանքը բաժանվեց մի շարք ճյուղերի, որոնցից նշանավորը Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցին է: Նրանց դավանանքի առանցքը Քրիստոսի մոտալուտ «երկրորդ գալստյան», ահեղ դատաստանի, երկնքում հազարամյա արքայության նկատմամբ հավատքն է: Նրանց համար կարևոր նշանակություն ունեն մարգարեուհի հռչակված Էլեն Ուայթի աշխատությունները:

Ադվենտիստները «պահում են» յոթերորդ օրը, արգելում են որոշ սննդամթերքի օգտագործումը (խոզի միս, սուրճ և այլն), հավաքում են տասանորդ, իրականացնում միսիոներական գործունեություն և այլն: